St. Leon Church "Sound of Children" Summer Camp Click Here to lean more
ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՔԱՆԻ՞ ՀԱՐԱՆՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ (DENOMINATIONS) ԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ
Համաձայն «World Christian Encyclopedia”-ի փոխանցած տեղեկությունների 2001թ․-ին աշխարհում գոյություն ունեին շուրջ 33,000 քրիստոնեական հարանվանություններ կամ եկեղեցիներ։ Նույն հանրագիտարանում մոտավոր հաշվարկ է կատարված գալիք տարիների եկեղեցիների քանակի առնչությամբ, որի համաձայն այսօր եկեղեցիների թիվը կարող է կազմել շուրջ 40,000-ից ավել։ Հետաքրքիր է իմանալ, որ այս հսկայական թվի կեսից ավելին՝ շուրջ 25-30 հազարը կազմում են այսպես կոչված “Independent” (անկախ) եկեղեցիները, որոնք հիմնականում առաջացել են Բողոքական տարբեր ուղղություններից։ Այս եկեղեցիները աննախադեպ աճ են արձանագրել հատկապես նախորդ դարերում, քանի որ համաձայն նույն այս հեղինակավոր աղբյուրի նրանց թիվը 18-րդ դարում 800-ից չի անցել։
Ո՞ՐՆ Է ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ՀԱՐԱՆՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԱՌԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌԸ
Մեր խորհին համոզմամբ՝ այս անտեղի առատության պատճառը ժամանակի փոփոխությունն ու դարի թելադրանքն է։ Այսօր մարդն ապրում է եսակենտրոն և անհատապաշտ հասարակության մեջ, որտեղ գերիշխում է հին արժեքների թերագնահատումը և նոր գաղափարների անվերապահ ընդունումը։ Ահա այս ընդհանուր մթնոլորտից էլ ի հայտ են գալիս երկու կարևորագույն դրույթներ՝ Եկեղեցու Սրբազան Ավանդության հերքում և Աստվածաշնչի կամայական մեկնաբանություն։ Սրանք հանգեցնում են անկանոն և խառնաշփոթային (chaotic) մի իրավիճակի, որտեղ կարծես բոլորը ընդունում են «Միայն Աստուածաշունչ» (Sola Scriptura) գաղախարը և համարվում են Աստվածաշնչի վրա հիմնված եկեղեցիներ (Bible based Church), սակայն միևնույն ժամանակ հակասում են իրենց իրարամերժ ուսմունքներով։ Այս պատկերը անկասկած դեմ է «Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն, մեկ Աստուած» (Եփես․ 4։5) Սուրբ Գրային ճշմարտությանը և հակառակ է աստվածային դրվածքին․ «Որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության» (Ա․ Կորնթ․ 14։33)։ Մենք հաջորդիվ պիտի անդրադառնանք այս կարևորագույն աղբյուրներին՝ թե՛ Սրբազան Ավանդությանը, և թե՛ Աստվածաշունչ Մատյանին։
Ի՞ՆՉ Է ՍՐԲԱԶԱՆ ԲԱՆԱՎՈՐ ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆԸ
Այն Աստծո բանավոր Խոսքն է՝ անսխալ և հավիտենական, որը կարող է դրսևորվել Աստվածային պատվիրանների ու կանոնների, հավատի ճշմարտությունների ու հանգանակների, Եկեղեցու Սրբազան Խորհուրդների, Եկեղեցական գրականության (ծիսական գրքեր, սրբերի վկայաբանություններ, սրբազան հայրերի գրվածքներ), տարաբնույթ եկեղեցական տոների և այլ ձևերի տեսքով։ Փաստորեն, Սրբազան Բանավոր Ավանդությունը Աստվածային ճշմարտու-թյունների այն մասն է, որը փոխանցվել է Սուրբ Հոգու միջոցով և սրբությամբ պահվել է Եկեղեցու կողմից։ Այն լրացնում է Աստվածաշունչ գրքերին, քանզի, Քրիստոսի գործունեության շատ քիչ մասն է միայն, որ գրվել է գրքերում․ «Ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուս արեց, որոնք, եթե մեկ առ մեկ գրված լիներ, կարծում եմ թե աշխարհն իսկ բավական չէր լինի պարփակելու այդ գրքերը» (Հովհ․ 21։25)։